Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ընտրությունների մասին չեն խոսում տաքսու վարորդները, և լռում են վարսավիրանոցներում

Ընտրությունների մասին չեն խոսում տաքսու  վարորդները, և լռում են վարսավիրանոցներում
04.05.2012 | 00:00

Հաստատ որոշել եմ` ընտրելու եմ այն կուսակցությանը, որի անդամները մինչև ընտրությունները կմտածեն լվանալ Հովհաննես Թումանյանի ու Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները: Չէ, իհարկե, քաղաքում տասնյակ այլ արձաններ կան, որ լոգանքի անհրաժեշտություն ունեն, բայց ժամերով Ազատության հրապարակում խոսող, երգող, պարող ու աղմկող իմ հայրենակիցներից գոնե մի քանիսը չե՞ն տեսնելու` ինչ վիճակում են նրանք, «ովքեր» ոչ մի կերպ չեն կարող հրապարակից հեռանալ: Խղճի հարց էլ կա, հիգիենայի էլ: Նաև` հայրենասիրության: Ո՛չ ճառային: Գործնական: Իսկ եթե հանկարծ հիշենք, որ արձաններ դառնալուց առաջ նրանք մարդիկ էին, կամ որ մարդիկ էլ արձանների նման են...

Համամասնական ընտրակարգով քվեաթերթիկում նրանք դեռ այբբենական դասավորություն ունեն, իսկ երեք օրից ընտրության քմահաճ ձեռամբ կունենան բոլորովին այլ պատկեր:

Ի՞նչ:

Սոցիոլոգիական անխտիր բոլոր հարցումները հրամցնում են իրենց իրական պատվիրատուին հաճո պատկերը:

Ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններն ասում են, որ իրենք են հաղթելու և նույնիսկ մեծահոգաբար համաձայնում են չհաղթածների հետ կոալիցիաներ կազմելուն: Ոչ մի նշանակություն չունի` որքանով է իրականությանը համարժեք «հաղթողի» նրանց մեծահոգությունը, և արդյո՞ք այդքան մեծահոգի կլինի իրական հաղթողը:

Արդեն երրորդ օրը պարզ կլինի, թե Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսը կդրսևորի քաղաքական ակտիվություն ու կկատարի իր քաղաքացիական պարտքը, քանի տոկոսը քաղաքական ալարկոտությամբ քաղաքացիական պարտքը կխորացնի: Թեթև ու բարի տխրությամբ եմ ասում, որ արդեն վաղը կավարտվի մեկ դերասանի թատրոնը` ինը արարով, ու հեռուստաէկրաններից կհեռանան նրանք, ովքեր ապրիլի 8-ից աննկուն ճիգեր էին գործադրում մեզ համոզելու, որ իրենք են մեր հույսն ու ապավենը: Ես այս օրերին խորապես հասկացա շվեյցարացիներին, որ ամեն տարի ընտրություն են անում, և պատահում է, որ կանտոնների բնակիչները նույնիսկ չգիտեն իրենց նախագահի անունը: Ինչքան գործ կարվեր երկրում, եթե ընտրությունները լինեին ամեն տարի: Պատկերացնո՞ւմ եք: Արդեն երրորդ ընտրության ժամանակ Երևանը չէիք ճանաչի, իսկ հինգերորդ ընտրությունը կփոխեր Հայաստանը: Ոչ, բոլորովին ու բնավ նկատի չունեմ ասֆալտապատված փողոցները, շենքերի 30-40 տարի կուսական բնականությունը պահպանած բակերի ու մուտքերի նորոգումը, անթիվ-անհաշիվ մանկական հրապարակների վռազ-վռազ վերխոյացումը, տնկվող ու նույնիսկ ջրվող ծառերը, տեղադրվող աչք շոյող նստարանները ոչ միայն այնտեղ, ուր գեղեցիկ են նայվում, այլև այնտեղ, ուր պետք են: ՈՒ նույնիսկ թեքահարթակների կառուցումը շենքերի մուտքերի աստիճաններին զուգահեռ, ճիշտ է` առայժմ այնպիսի թեքությամբ, որ եթե որևէ հաշմանդամ իր սայլակով իսկապես հանդգնի այդ թեքահարթակով իջնել, նրա առաջն առնել չի լինի, իսկ եթե բարձրանալ ցանկանա, ուղղաթիռ է պետք: Կրկնում եմ` սրանք անկարևոր մանրուքներ են: Կարևորը մթնոլորտն է: Մարդկանց տոն է պետք: Մարդկանց փոքրիկ հաղթանակ է պետք: Մարդիկ պետք է զգան, որ երկիրն իրենց կարիքը ունի, հիշում է, հարգում է, հասկանում է իրենց: Քառամյա-հնգամյա փուլով հիշողության բռնկումն ակնհայտորեն չի հերիքում, որ երկիրը` պետություն, բնակիչը քաղաքացի դառնա: Չի հերիքում, որ կուսակցությունները, որոնք արդար-անարդար, բայց բաժան-բաժան են անում այդ նույն բնակիչ-քաղաքացիներին, իրենց խնդիրները լուծեն-վերջացնեն ու անցնեն նրանց խնդիրները լուծելուն: Առայժմ (իրապես ցավով եմ արձանագրում) աշխատատեղերի ստեղծման հարցը, կուսակցությունների ընկալմամբ, իրենց կուսակիցներին աշխատանքով ապահովելու մակարդակին է:

Դա, իհարկե, իշխանական, որովհետև ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես վայել է ժողովրդավարության մեր մակարդակին, հարցեր բարձրացնող են միայն, իսկ լուծումների համար պայման են դնում իրենց իշխանություն դառնալը: Չէ, իհարկե, տրամաբանական է, ինչպե՞ս կարող ես տալ` ինչ չունես: Եվ դա երկրորդ ցավալի բնորոշումն էր ավարտվող ընտրարշավի, իսկ առաջինը անանց տպավորությունն էր, որ բոլորս` և՛ մեզ համոզողները, և՛ մենք` համոզվող կամ չհամոզվողներս, հենց նոր ենք ժամանել երկարատև բացակայությունից հետո, և այդ հիմնավորումով մեր պատկերացումները տարբերվում են մեզ շրջապատող իրականությունից: Իսկ երրորդը` մենք, այնուամենայնիվ, թեկուզ յոթհազարամյա պատմություն ունեցող, բայց միամիտ ու բարի ժողովուրդ ենք ու շատ ենք ուզում հավատալ:

Եվ չորրորդը` մենք չենք սիրում, երբ մեզ հետ խոսում են լուրջ, կարևոր, բայց մեզ համար անշոշափելի ու անշահ թեմաներից: Մենք ընդհանրապես վերացարկված մտածողությանը դեմ ենք: Հոգևոր արժեքներից գերադասում ենք նյութականը, նյութականից` ֆինանսականը: Մնացածն ինքներս էլ լավ գիտենք ու կարող ենք բացատրել` ով չգիտի:

Վեցերորդը` առաջիկա ընտրությունների իրական սենսացիան. ընտրությունների մասին չեն խոսում տաքսու վարորդները, և լռում են վարսավիրանոցներում: Եթե մշտապես տաքսու ամեն վարորդ նախագահի թեկնածու էր, ամեն վարսավիր` վարչապետ, և բոլորն էլ գիտեին` ինչ պետք է անել ու ինչ անել պետք չէ, հիմա նրանց քաղաքական կարիերան չի գրավում: Պատճառները դեռ պիտի քննարկվեն առանձին` առաջիկայում հասարակական կազմակերպությունները գրանտներ կստանան այդ թեմայով ծավալուն ուսումնասիրություն կատարելու համար` ի պետս քաղաքացիական հասարակության կայացման ու կայունացման: Լրագրողական կազմակերպությունները մրցանակներ կսահմանեն ու միմյանց կպարգևատրեն նորից ու նորից, և` արդարաբար:

Յոթերորդը` մեկ րոպեում աշխարհում 5 երկրաշարժ է գրանցվում, 360 կայծակ, հրաբխի 3 ժայթքում, մահանում 170 և ծնվում է 250 մարդ: Մեկ րոպեում: Իսկ մեկ օրն ունի 1440 րոպե, և այդպես է անգամ Հայաստանում, այդպես է անգամ նախընտրական ու նույնիսկ հետընտրական շրջանում:

Այսքանն իբրև վերջաբան, հիմա անցնենք նախաբանին:

Մայիսի 5-ին Սահմանադրական դատարանը կքննարկի քվեարկությունից հետո ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու հայցը, որ ներկայացրել են ընտրության վերահսկման միասնական շտաբ ձևավորած ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համար հերթական Սողոմոն թագավորին վայել որոշումը, որը գործնականում ոչ մի առնչություն չի կարող ունենալ այս խորհրդարանական ընտրությունների հետ: Բայց այս ամբողջ ընթացքում, երբ մենք ասում էինք խորհրդարանական ընտրություններ, չէինք ասում, բայց հասկանում էինք նախագահական ընտրություններ:

ՈՒ որպեսզի մայիսի 6-ի քվեարկությունը քվեակերություն չլինի, իհարկե, շատ ավելի քաղաքակիրթ ձևակերպմամբ` ԲՀԿ-ն, որ ազդարարում է, թե իր խոսքը գործ է, հանրապետության 1982 ընտրատեղամասերում տեղադրելու է տեսախցիկներ և նկարահանելու է գործընթացներն ընտրատեղամասերի բացման պահից մինչև վերջին քվեաթերթիկի հաշվարկը, բնականաբար` բացի քվեարկության պահից, որը փակ է և գաղտնի: Եվ ո՞վ է տնօրինելու այդ տեսախցիկների «տեսածն ու ձայնագրածը»:

ՀԱԿ-ը, որ մինչև վերջին օրը շարունակում է պնդել` «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», համարում է, որ ընտրատեղամասերում իրավիճակը վերահսկելու լուրջ հնարավորություն է երկու վստահված անձի առկայությունը:

ՀՅԴ-ն, որը համարում է` «Իշխանությունը պետք է ժողովրդի ծառան լինի, բայց ծառայում է փողին», խոստանում է, որ իրենց վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները ցանկացած օրինախախտում տեղում պատժելու են:

«Ժառանգություն»+«Ազատ դեմոկրատները», որ մի ամիս շարունակ ահաբեկեցին սարեր շարժելու սպառնալիքով` ինչ է, թե իրենք գալիս են, հավատացնում են, որ բոլոր ընտրատեղամասերում «ադեկվատ պատասխան» են տալու ընտրակեղծիքներին:

ՀՀԿ-ն, որ վերջապես ուզում է «Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար» ունենալ, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի «հաջող ու հանգիստ ընթացող գործընթացից» հետո մտադիր է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին և ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբը համարում է իմիտացիոն, որովհետև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել` ինչ սկզբունքներով, ինչ պայմաններում, ինչ լիազորություններով են գործելու:

Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվեն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կարող են հանդես գալ միասնական ակցիաներով: Մեխանիզմների ու եթե-ների դաշտում ականներ չորոնելով` այս կուսակցությունների ներկայացուցիչները «փողոցն անխուսափելի» են համարում, եթե ապացուցված խարդախությունների դեմ բողոքին իշխանությունը չարձագանքի:

Իշխանությունը, ի դեմս ՀՀԿ-ի, հայտարարում է, որ ինքը պահպանողական կուսակցություն է, ինչը նշանակում է այնպիսի հասարակություն ձևավորելու ձգտում, որն ունի արժեքային կայուն համակարգ և առաջնորդվում է հստակ սկզբունքներով: «Մեզ համար առաջին տեղում մարդու և ազգի անվտանգությունն է: Առանց այդ անվտանգության մնացած ամեն ինչի մասին միանգամից կարելի է մոռանալ: Սա հիմքերի հիմքն է, մեր գոյության խարիսխը», ասում է իր կուսակցության նախընտրական շտաբին չվաստակած հանգստի ուղարկած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երջանկություն ունենալով ճանաչելու և անգամ մի քանի հարցազրույցի պատիվն ունենալով` մի քանի տարի շարունակ Հրանտ Մաթևոսյանին հարցրել եմ` ո՞վ է իր հերոսը` Աստծո գառ Ավետի՞քը, թե՞ Աստծո կրակ Իշխանը, ու միշտ ստացել եմ նույն ավետարանական պատասխանը` «Երկուսն էլ իմն են, երկուսն էլ ես եմ»: ՈՒ որովհետև միշտ չեմ հասկացել` նորից եմ հարցրել, որ նույն պատասխանն ստանամ: ՈՒ այսօր` նրա մահից 10 տարի անց, ինձ թվում է, որ սկսում եմ հասկանալ` ինչ է նշանակում երկուսն էլ իմն են, երկուսն էլ ես եմ: Ընտրությունների դաշտում տարակարծիքվող մեր ընդհանրությունը նույնն է, ու երբ երկու օրից մենք` իշխաններս ու ավետիքներս, գնանք մեր կարծիքով սևին` սև, ու սպիտակին` սպիտակ ասելու, ամենակարևորը հայրենիքի զգացողությունը ունենալն է լինելու:

Իսկ ես մայիսի 5-ն անցկացնելու եմ Ազատության հրապարակում` Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների հետ ու սպասելու եմ... Իսկ եթե սպասումս, ինչպես շատ ու շատ ընտրողների ակնկալիքներ, ապարդյո՞ւն է լինելու: Անհավատ եք, որ ոչինչ չի փոխվում, պահանջեք, որ ստանաք, ու ընդհանրապես ազգային բայղուշությունից համազգային լավատեսությանն անցնելու շանսը մի՛ կորցրեք` առջևում 2013-ի նախագահական ընտրություններն են:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ